Արարատբանկը շարունակում է արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը՝ հունիսի 3-ին հայտարարվեց 11-րդ թողարկման մասին: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացրեց նախորդ թողարկումների արդյունքները. 2015-ին բանկի թողարկած պարտատոմսերով կատարվել է 130 գործարք՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար և 219 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Արարատբանկն արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներից է և, հաշվի առնելով նախորդ թողարկումներում դրսևորված պահանջարկը, առաջարկում է պարտատոմսեր դոլարով՝ այս անգամ թողարկվել է 1 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 40000 անվանական, ոչփաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 % տարեկան տոկոսադրույքով, 3 տարի շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերի բաժանորդագրությունը՝ հունիսի 6-17-ը: Պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցները կարող են, արտարժութային պարտատոմսերի առքուվաճառքից բացի, կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումներ կկատարվեն եռամսյակը մեկ: Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտատոմսերի գնման համար կարող են դիմել Արարատբանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ինչո՞վ են պարտատոմսերը գերադասելի ավանդից՝ ավանդի ներդրման ժամկետը խախտելու դեպքում կարող եք ստանալ միայն ձեր գումարը, կորպորատիվ պարտատոմսերը շրջանառության ընթացքում ցանկացած պահի կարող եք վաճառել և հետ ստանալ գումարն ու կուտակված տոկոսները: Փաստորեն, արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերը բանկային առավել շահավետ ներդրումներ են՝ ավանդի այլընտրանք, որ ոչ միայն կայուն եկամուտներ են բերում, այլև ազատություն են տալիս անհրաժեշտ պահին ստանալու և՛ մայր գումարը, և՛ տոկոսագումարը:
Ներկայացնելով պարտատոմսերի հերթական թողարկումը՝ Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ բանկը պարտատոմսեր թողարկում է 2007-ից և իր կայուն տեղն ունի ֆոնդային բորսայում: Պարոն Հարությունյանն առանձնացրեց 2015-ի տվյալները՝ համարելով տպավորիչ: Վիճակագրությամբ՝ պարտատոմսերի շուկայում ամեն երկրորդ գործարք տեղի է ունենում Արարատբանկի պարտատոմսերով, որ հետևողական աշխատանքի արդյունք է: Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքով՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ: Արարատբանկի պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է անձնական հաշիվ բացել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ից օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում:
Կորպորատիվ պարտատոմսերը հունիսի 6-17-ին կարող եք գնել Արարատբանկի գլխավոր գրասենյակում ու մասնաճյուղերում, իսկ տեղաբաշխումից և կարգավորող շուկայում առևտրի թույլտվություն ստանալուց հետո՝ մինչև 2019-ի հունիսի 18-ը՝ երկրորդային շուկայում, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի առևտրական հարթակում:
Պարտատոմսերի թողարկումն ազդարարելուց հետո գործադիր տնօրենի տեղակալը պատասխանեց լրագրողների հարցերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ինչո՞ւ պիտի պարտատոմս գնելու ցանկություն ունեցողն առավելություն տա Արարատբանկին, եթե նույն ծառայությունը շուկայում առաջարկում են տարբեր բանկեր» իմ այս հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նման ծառայություններ շուկայում առաջարկում են մեկ-երկու բանկեր, բոլոր բանկերը ավանդներ են ներգրավում: Կարծում եմ՝ ներդրողների համար կարևորը հուսալիությունն է, ֆինանսական հոսքերի կայունությունը, որ մարդիկ իրենց գումարները վստահեն բանկին և հանգիստ լինեն վերադարձելիության համար»: